Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում զանգվածային սպանդ իրականացրած հանցագործի հայրը՝ Սեդդիկ Մատինը, ներողություն է խնդրել որդու՝ Օմարի հնարավոր հանցագործության համար:

NBC-ի եթերում Սեդդիկ Մատինը հայտարարել է, որ տեղյակ չէ որդու ձեռնարկած որեւէ գործողության մասին: «Մենք ցնցված ենք, ինչպես եւ ամբողջ երկիրը»,- ասել է նա:

Սեդդիկ Մատինի խոսքով, կատարվածը որեւէ ընդհանուր բան չունի կրոնի հետ: Միաժամանակ, նա խոստովանել է, որ հանցագործության շարժառիթ կարող էր դառնալ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների հանդեպ ատելությունը: Ըստ Սեդդիկ Մատինի, որդին մեկ անգամ համբուրվող երկու տղամարդու տեսնելով՝ սարսափելի զայրացել է:

Pulse ակումբը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, հիմնականում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ են այցելում: Հիշեցնենք, որ ակումբում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով 50 մարդ է զոհվել, 53-ը՝ վիրավորվել: