Հոկտեմբերի 4-ին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Ոսուցչի օրվա առթիվ հյուրընկալել էր մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների, ուսումնարանների, նախադպրոցական հաստատությունների եւ հատուկ դպրոցների մանկավարժներին ու վաստակաշատ ուսուցիչներին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Գ. Բեգլարյանն ասել է. «Ուզում եմ, որ դուք միշտ ուրախ լինեք, ինչպես, որ յուրաքանչյուր մարդ իր ծնողներին կցանկանա երջանիկ տեսնել: Ամեն երեխայի գիտակցական կյանքը հենց Ձեզանով է սկսվում»:

Երեւանի քաղաքապետի որոշմամբ, ուսուցչի օրվա կապակցությամբ կրթության ոլորտում աշակերտների դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի համար համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով, «Երեւան» զինանշան հուշամեդալով, պատվոգրերով, շնորհակալագրերով:

Հանդիպմանը ներկա կրթօջախներում աշխատող տարեց ուսուցիչներին ու վետերան-մանկավարժներին հանձնվել են նաեւ դրամական պարգեւներ:
79-ամյա Վարդան Գաբրիելյանը, ով Պարույր Սեւակի անվան թիվ 123 դպրոցի հիմնադրման օրվանից մինչ օրս` շուրջ 50 տարի ֆիզկուլտուրա է դասավանդում, պարգեւատրվել է քաղաքապետի պատվոգրով` ստանալով նաեւ դրամական պարգեւ:

Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղեկացմամբ, այսօր հիմնականում պարգեւատրման են արժանացել օլմպիադաներում գերազանց արդյունքներ արձանագրած աշակերտների ուսուցիչները: