Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ու ինտերնետի  տարածումը ողջ աշխարհում այս կամ այն կերպ ազդում է գրքերի ու մամուլի տպագրության ծավալների վրա։ Տարբեր փորձագետների կարծիքով՝ այս ամենը կարող է բերել տպագիր թերթերի ծավալների կրճատման, ընդհուպ մինչեւ տպագիր թերթերի վերացման։  

Հայաստանում, սակայն, տպագիր թերթերի էլեկտրոնային տարբերակների առկայությունը առայժմ չի հանգեցրել թերթերի տպաքանակի ծավալների կրճատման։

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը՝ NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում թերթերի տպաքանակների փոփոխությունը պայմանավորված  է ավելի շատ քաղաքական կամ այլ իրադարձություններով, քան տեղեկատվական տեխնոլոգիաների բերած հնարավորություններով։ «Հայաստանում թերթերի տպաքանակի նվազում դեռեւս նկատելի չէ, քանի որ համակարգչի եւ ինտերնետի հնարավորությունները հասանելի են Երեւանում եւ մի քանի խոշոր քաղաքաներում, իսկ այլ վայրերում իրավիճակը դեռեւս չի փոխվել»,-ասաց Ա. Գեւորգյանը։

«Հայկական ժամանակ» օրեթերթի տնօրեն Աննա Հակոբյանը նույնպես կարծում է, որ Հայաստանում տպագիր թերթերի տպաքանակը կախված չէ թերթի ինտերնետային տարբերակից։ Այսպես՝ թերթի ինտերնետային այցելուների քանակն ավելացել է, սակայն տպագիր օրինակների սպառումը չի նվազել։ Կայքի այցելուների քանակի աճն էլ հիմնականում պայմանավորված է մոդեռնիզացման հետ։ Նախկին 1500-2000-ի փոխարեն այժմ «Հայկական ժամանակի» կայքը  օրական ունի 5000-ից ավելի էջերի ցուցադրություն (page view)։ Ա. Հակոբյանի խոսքով՝ Հայաստանում թերթերի վաճառքի նվազումը պայմանավորված է նաեւ մարդկանց կենսամակարդակով։ «Եթե չեն կարող 100 դրամ տալ թերթ գնելու համար, ապա չեն կարող նաեւ մի քանի հազար դրամ տալ ինտերնետի համար»,-ասաց Ա. Հակոբյանը:

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց օրաթերթի վաճառքի ծավալների եւ տպագրության նվազում դեռեւս չի նկատվում։ Ընթերցվում են թերթի ե՜ւ ինտերնետային, ե՜ւ տպագիր տարբերակները։ «Եթե, օրինակ, տպագիր տարբերակից օգտվում է 3000 մարդ, իսկ ինտերնետային կայք այցելում է 6000-ը, դա գրեթե նույնն է, քանի որ մի թերթը սովորաբար կարդում են մեկից ավելի ընթերցողներ»,-ասաց Ա. Աբրահամյանը։ Նրա կարծիքով, սակայն, ինտերնետային տարբերակից օգտվողների թիվն առաջիկա 1-2 տարում կգերազանցի թերթի տպագիր տարբերակներին։

«168 ժամ»  թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի խոսքով՝ թերթերի էլեկտրոնային տարբերակները ոչ միայն չեն խանգարում, այլեւ օգնում են թերթերի տպագիր տարբերակներին։ «Սոցիալական տարբեր կայքերը եւ էլեկտրոնային լրատվական կայքէջերը շատ հաճախ օգտագործելով տպագիր թերթերի հրապարակումներից հատվածներ, դրանով նաեւ գովազդում են տվյալ տպագիր թերթը կամ նրա կայքէջը, իսկ ընթերցողը երբեմն այդ հատվածով չբավարարվելով, մուտք է գործում տվյալ տպագիր մամուլի կայքէջ եւ ընթերցում այն (եթե կայքէջն արդեն թարմացվել է, որպեսզի չվնասի վաճառքին) կամ գնում է թերթի տպագիր տարբերակը կրպակից»,-ասաց Ս. Սեյրանյանը: Նրա խոսքով` ավելին, ինտերնետային մի շարք լրատվամիջոցներում ամենաշատ ընթերցված նյութերի առաջին տեղում հիմնականում այն հրապարակումներն են, որոնց հատվածները արտատպվել են տպագիր մամուլից: «Շատ մարդիկ դեռեւս շարունակում են ընթերցել տպագիր մամուլ, քանի որ տպագիրի նկատմամբ վստահությունը ենթագիտակցորեն շատ ավելի մեծ է»,-ասաց Ս. Սեյրանյանը:

«Դելովոյ Էքսպրես» տնտեսական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Էդուարդ Նագդալյանը, սակայն, բոլորովին այլ կարծիքի է։ Նրա խոսքով՝ թերթերի տպաքանակը միանշանակ նվազել է։ «Ընթերցողների մի մասն անցել է ինտերնետային տարբերակի ընթերցման»,- ասաց Է. Նադգալյանը՝ դժվարանալով նշել որոշակի թվեր այս առնչությամբ, քանի որ կոնկրետ տպաքանակների նվազման վերաբերյալ հետազոտություն Հայաստանում կատարված չէ։ Նրա խոսքով՝ «Դելովոյ Էքսպրես» տնտեսական շաբաթաթերթի ինտերնետային տարբերակից շաբաթական օգտվում է շավելի քան 5000 այցելու։ «Այժմ որեւէ թերթ չի կարող գլուխ գովալ իր տպաքանակով եւ ծավալներով»,-ասաց Է. Նագդալյանը՝ նշելով, որ մարդկանց հոսքը դեպի թերթերի էլեկտրոնային տարբերակներ անհերքելի իրողություն է։

 

Լուսինե Մովսիսյան