Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստ է Թուրքիային զիջումներ անել եւ առանց վիզայի ռեժիմ տրամադրել, չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հրաժարմանը` կատարելու ԵՄ-ի բոլոր պայմանները, հայտնում է The Telegraph-ը վկայակոչելով Բեռլինում Մեծ Բրիտանիայի դեսպան Սեբաստիան Վուդի դիվանագիտական հաղորդագրությունը:
Այդ հաղորդագրություններում, որ ստացել է պարբերականը, ասված է, որ Գերմանիայի կանցլերի վարչակազմում պատրաստ են փոխզիջման գնալ հակաահաբեկչական օրենդրության ձեւակերպումների առումով: Դրա խստացումը Թուրքիայի համար վիզայի ռեժիմը չեղյալ հայտարարելու պայմաններից մեկն է:
«Չնայած կոշտ արտաքին քաղաքականությանը, ակնարկներ կան, որոնք հնարավորություն են տալիս ենթադրել, որ ծայրահեղ դեպքում գերմանացիները հետագա փոխզիջման կգնան ԵՄ-ի եւ Թուրքիայի մեջեւ համաձայնագրերը պահպանելու համար», — ասված է դիվանագետի հաղորդագրության մեջ:
Վուդի խոսքով, Մերկելը, կանխագուշակելով իրավապաշտպանների հակազդեցությունը Թուրքիայի նկատմամբ փոխզիջմանը, նշել է, որ եթե հաշվի առնենք համաձայնագրի մարդասիրական տեսանկյունը, դրա գործողության սկզբից ի վեր ընդամենը ինը մարդ է խեղդվել:
Դիվանագետն ընդգծում է, որ Գերմանիան հնարավոր է համարում Թուրքիային «զսպել» ընդհուպ մինչեւ հոկտեմբեր: Միաժամանակ Թուրքիայում բրիտանական դեսպան Ռիչարդ Մուրի դիվանագիտական հաղորդագրություններն ավելի վատատեսական են:
Նրա խոսքով, եթե Թուրքիայի համար վիզայի նոր ռեժիմը չպարզեցվի, «անհամբեր եւ բռնկուն Էրդողանը», իրեն «դավաճանված» զգալով, կարող է միգրանտների համար «բացել դարպասները» դեպի Եվրոպա:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ից պարբերականին հայտնել են, որ դեսպանատներից դիվանագիտական հաղորդագրությունների նպատակը հետադարձ կապն է օտարերկրյա կառավարությունների մասին, դրանք բրիտանական կառավարության պաշտոնական հայտարարություններ չեն:





























