Բելառուսի Գրոդնոյի շրջանում տարածքային պաշտպանության ուժերի մասնակցությամբ հրամանատարաշտաբային ուսումնավարժանքներ են ընթանում, երկուշաբթի հայտնել է հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հունիսի 13-ից, 2015/2016 ուսումնական տարում Զինված Ուժերի նախապատրաստության պլանի համաձայն, ուսումնավարժանքներ են սկսվել տարածքային պաշտպանության ուժերի մասնակցությամբ: Ուսումնավարժանքների գլխավոր նպատակը կառավարման մարմինների եւ տարածքային պաշտպանության ուժերի պատրաստականության մակարդակի եւ արագ փոփոխվող իրավիճակում նախանշված առաջադրանքներ իրականացնելու կարողության բարձրացումն է», — նշված է հաղորդագրության մեջ:
Ուսումնավարժանքը կընթանա երկու փուլով: Գործնական միջոցառումների շրջանակում նախատեսված է մշակել տարածքային պաշտպանության օբյեկտների պաշտպանության, ռազմական դրության ապահովման, ավազակային կազմավորումների արգելափակման եւ ոչնչացման հարցեր:
Մամուլի ծառայության տվյալներով, ուսումնավարժանքին մասնակցում են Արեւմտյան օպերատիվ հրամանատարության, Ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության ուժերի, Զինված ուժերի հատուկ գործողությունների զորամիավորումներ, ինչպես նաեւ գրեթե բոլոր ուժային գերատեսչությունների` ՆԳՆ-ի, ՊԱԿ-ի եւ ԱԻՆ-ի ներկայացուցիչներ: Մասնակիցների ընդհանուր թիվը մոտ 2100 մարդ է եւ ավելի քան 70 միավոր տեխնիկա:





























