Լատվիայի՝ հրաժարական տված առողջապահության նախարար Գունտիս Բելեվիչսը, որին կասկածում են ծառայողական լիազորությունների չարաշահման մեջ, վայր է դրել նաեւ պատգամավորական մանդատը, հայտնում է LETA լատվիական գործակալությունը:
Մինչ այդ լատվիական Latvijas Avīzi թերթը գրել էր, որ առողջապահության նախարարը հնարավոր է աննշան վիրահատություն է արել Լատվիայի ուռուցքաբանական կենտրոնում՝ շրջանցելով հերթը: Նախարարն դրան պատասխանել էր, որ իրեն զրպարտում են:
Լատվիայի կոռուպցիայի կանխարգելման ու դրա դեմ պայքարի բյուրոն սկսել է հետաքննել ծառայողական լիազորությունների չարաշահման հնարավոր փաստը:
Ուրբաթ Բելեվիչսը խոստովանել է, որ Ուռուցքաբանական կենտրոնում բժշկական ծառայություններ է ստացել անվճար ու առանց հերթի ու երկրի վարչապետ Մարիս Կուչինսկիսին հրաժարականի մասին դիմում է ներկայացրել: Կառավարության ղեկավարն էլ ընդունել է այն:
Լատվիայի առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել Տրանսպորտի նախարար Ուլդիս Աուգուլիսը:
Որպես առողջապահության նախարարի հավանական թեկնածու դիտարկվում է Մանկական կլինիկական հիվանդանոցի ղեկավար Անդա Չակշան: Ակնկալվում է, որ այսօր նրան պաշտոնապես կառաջադրեն այդ պաշտոնի համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:





























