Հայկական արմատներ ունեցող արվեստաբան Կոլետ Գիզելը 84 տարեկանում առաջին անգամ Հայաստան է այցելել ու հիասթափվել  հեռավոր շրջանների լքված տներն ու գործարանները տեսնելով :

«Երբ անցնում ես սահմանը, Վրաստանի սահմանով ես անցնում, այնտեղ տեսնում ես նոր շինություններ ու մի քանի կիլոմետր անցնելուց հետո տեսնում ես լիովին տխուր վիճակ՝ շրջակայքն աղտոտ է, լքված է: Դա ինձ, անկեղծ, շոկի մեջ գցեց: Մենք տեսանք լքված տներ, գործարաններ: Մենք տեսանք Սովետական Միության մնացորդներ»,- իր տպավորությունների մասին NEWS.am-ին պատմեց կինը:

Եգիպտոսում մեծացած Կոլետ Գիզելի մայրը հայ է, որի ընտանիքը Մեծ եղեռնի ժամանակ գաղթել է Արեւմտյան Հայաստանից: Տիկին Գիզելին երեք անունով են կոչել, որոնցից մեկը հայկական է՝ Վարդ: Բելգիացի հայրն ու հայ մայրն իրենց միակ զավակին Հայաստանի մասին պատմություններով ու հայերեն երգերով են մեծացրել, որոնք նա մինչեւ հիմա հիշում է:

«Միակ բանն է, որ մինչեւ հիմա հիշում եմ հայերենից՝ «Հայաստան», «Ծիրանի ծառի տակին» երգերը: Մայրս այդ երգերն էր ինձ սովորեցնում, հայերեն հաշվել էր սովորեցնում, Հայաստանի, Հայոց ցեղասպանության մասին էր պատմում»,- հիշեց տիկին Գիզելը:

Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը պատանի Կոլետ Գիզելին ստիպել է հայերեն գրքերը ձեռքը վերցնել ու հայերեն սովորել:

«14 տարեկան էի, հայրս նոր էր մահացել, որոշեցի հայերեն գրել կարդալ սովորել, մայրիկիս հետ իր մայրենի լեզվով խոսել»,- պատմեց 84-ամյա կինը, որը հետագայում առիթ չի ունեցել հայերենով խոսելու ու մոռացել է սովորածը.«Թեեւ հիմա եթե որոշ ժամանակ ապրեմ Հայաստանում, հաստատ կվերհիշեմ սովորածս»:

Դպրոցն ավարտելուց հետո տիկին Գիզելը մեկնել է Անգլիա սովորելու: Չնայած ունեցած հետաքրքրությանը՝ Հայաստան գալ չի ուզել այնքան ժամանակ, մինչեւ որ Հայաստանը դարձել է անկախ երկիր:

«Ես չի ուզում ԽՍՀՄ կազմի որեւէ երկիր գնալ, անգամ եթե այդ երկիրը Հայաստանն էր: Ես չէի ուզում Հայաստանը ճանաչել որպես ԽՍՀՄ: Ես չէի կարող ազատ խոսել, ազատ կերպով ինչ-որ հարցեր ուղղել մարդկանց»,- նշեց նա:

Փոխարենը տիկին Գիզելը մտքում իր պատկերացրած հայ մարդուն ու Հայաստանն է ստեղծել: 84 տարեկանում, երբ առաջին անգամ Հայաստան է եկել, հիասթափվել է:

«Միանշանակ կարծիք հայտնել, իհարկե, չեմ կարող, քանի որ դրա համար պետք է շատ ժամանակ անցկացնել այստեղ, բայց կարող եմ ասել իմ առաջին տպավորությունը: Ես հայերին պատկերացրել եմ աշխատասեր, քաջ, պայծառ, հպարտ, ինչը այստեղ չտեսա: Այստեղ տպավորություն ստացա, որ մարդիկ իրենց ներում են այն փաստով, որ Ռուսաստանի մաս են եղել, ես մարդկանց մեջ չեմ տեսնում իրենց կյանքը փոխելու մեծ ցանկություն»,- նշեց 84-ամյա կինը:

Կոլետ Գիզելը հայրենիքից ստացած տպավորությունների մասին կպատմի իր 3 որդիներին ու նրանց զավակներին, որոնք նույնպես մինչեւ հիմա միայն լսել են Հայաստանի ու հայերի մասին: