Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ հայերի անունից դատապարտել է Օռլանդո քաղաքի գեյ-ակումբում կատարված ահաբեկչությունը, որն իրականացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գաղափարակիրը:
«Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ու Ամերիկայի բոլոր հայերը սգում են Օռլանդոյում սպանդի զոհերի համար: Մենք աղոթում ենք զոհերի համար, սգում նրանց ընտանիքներին ու ընկերների հետ: Հանձնախումբը դատապարտում է կատարված բարբարոսությունը, նաեւ այն ստոր անհանդուրժողականությունը, ատելությունն ու անմարդկայնությունը, որը մարմնավորում են մարդասպանը ու նրա համախոհները»,- շեշտված է հայտարարության մեջ:
Հայ դատի հայկական հանձնախումբը հիշեցնում է, որ ԻՊ ահաբեկիչները, որոնց համախոհն է մարդասպանը, իրականացրել է հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանությունը Սիրիայի ու Իրաքի տարածքում:
«Որպես հայ՝ մի ժողովուրդ, որը ցեղասպանության է ենթարկվել Օսմանյան Թուրքիայում 1915-ին ու Ադրբեջանում 1980- ականներին ու այսօր էլ՝ ԻՊ կողմից, մենք գիտենք, թե ինչ բան է նշանակետի տակ ու մահվան սպառնալիքի տակ լինելու վախը: Այդ ստոր ահաբեկչություններին ընդառաջ՝ անհրաժեշտ է միավորվել ու հաղթել ահաբեկչությունների հանցավոր հեղինակներին: Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի առաջ ու միասնական ենք Օռլանդոյի ահաբեկչության զոհերի հետ մեր համերաշխության մեջ»- նշված է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հայտարարության մեջ:





























