Արգենտինայի հանրային աշխատանքների նախկին նախարար Խոսե Լոպեսը, որը պաշտոնավարում էր նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների օրոք, ձերբակալվել է եկեղեցու տարածքում 8.5 միլիոն դոլար հողի մեջ թաղելու փորձի ժամանակ, հայտնում է Lenta–ն:
Ոստիկանները Լոպեսին ձերբակալել են Բուենոս Այրեսի արվարձանում գտնվող եկեղեցու տարածքում: Տեղի բնակիչներից մեկը ահազանգել էր, որ գիշերը եկեղեցու տարածք կողմնակի մարդ է մտել: Լոպեսի մեքենայում խուզարկման ժամանակ գտել են դոլարով, եվրոյով, ճապոնական իենով ու կատարական ռիալով 160 խուրց, նաեւ ոսկերչական զարդեր ու թանկարժեք ժամացույց եւ զենք, որի համար թույլատվություն չուներ:
Ընդ որում Լոպեսը փորձում էր կաշառել իրեն ձերբակալող ոստիկաններին, իսկ երբ նրան դա չի հաջողվել, հոգեւորականներին հայտնել է, որ մտադիր էր գումարը նրանց տալ՝ եկեղեցու կարիքների համար, իսկ ոստիկանները ուզում են իրեն կողոպտել:
Հիմա Լոպեսը կալանքի տակ է: Երկրի նախագահ Մաուրիսիո Մակրին նախկին նախարարի ձերբակալության պատմությունը խայտառակությունէ անվանել, նշելով միաժամանակ Արգենտինայում կոռուպցիայի դեմ պայքարի հաջողությունները:
Արգենտինայում 2015-ի վերջին իշխանափոխություն է եղել: Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները, որը ձախ քաղաքական թեւի ներկայացուցիչ էր, հեռացել է նախագահական պաշտոնից, երկու ժամկետով պաշտոնավարելուց հետո: Նոր նախագահ է դարձել աջ ընդդիմության թեկնածու Մաուրիսիո Մակրին: 2016-ի մայիսին Քիրշների դեմ քրեական գործ է հարուցվել, նրան կասկածում էին խարդախության մեջ:





























