Եվրոպացի չինովնիկները հանգում են այն եզրակացության, որ գալիք հանրաքվեի արդյունքներով Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի հնարավոր հեռացումը կարող է միայն ձեռնտու լինել ԵՄ-ին, գրում է The Telegraph–ը՝ վկայակոչելով բարձրաստիճան դիվանագետներին:
Եվ այսպես աղբյուրները հայտնել են, որ ԵՄ առաջնորդները պատրաստ են համակերպվել Բրիտանիայի դուրս գալու հեռանկարին ու մտադիր չեն հետագա զիջումների գնալ: Ավելին, նրանք համարում են, որ ԵՄ-ն կարող է նույնիսկ ավելի ուժեղանալ, եթե ամենաքմահաճ անդամը, որը որեւէ ակտիվ դերակատարում չունի առանցքային հարցերում, որոշի հեռանալ:
«Եվրամիության համար Մեծ Բրիտանիայի անդամակցությունը 50 տոկոսով օգտակար է ու 50 տոկոսով էլ վնասակար»,- մեջբերում է պարբերականը դիվանագետին:
Աղբյուրը հայտնել է, որ Լոնդոնը չպետք է գերագնահատի իր նշանակությունը Եվրոպայի համար: Նա հայտնել է, որ Միությունը հույս ունի, որ Բրիտանիայի անդամակցությունը կպահպանվի, սակայն պատրաստ է նաեւ հակառակ հեռանկարին: Բրիտանիայի դուրս գալու դեպքում «կյանքը կշարունակվի»: ԵՄ-ն կարող է իր շարքերն ընդունել նոր անդամների ու խորացնել համագործակցությունը արժութային ու պաշտպանական ոլորտներում:
Հայտնում են նաեւ, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը ամեն օր բանակցություններ է վարում ԵՄ երկրների առաջնորդների հետ՝ քննարկելով Բրիտանիայի դուրս գալու հնարավոր հետեւանքները:





























