Տնտեսական ապրանքների վաճառքի ամերիկյան խոշորագույն ցանցը` Home Depot-ն դատի է տվել Visa եւ MasterCard վճարային համակարգերին, գրում է The Wall Street Journal-ը:
Հաղորդվում է, որ Home Depot-ն վճարային համակարգերին մեղադրում է միկրոչիպով բանկային եւ կրեդիտային քարտերի ներդրում թույլ չտալու նպատակով կորպորատիվ համաձայնության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար:
WSJ-ն պարզաբանում է, որ միկրոչիպերի օգնությամբ ստուգումն անհամեմատ ավելի անվտանգ է եւ հուսալի, սակայն պակաս շահավետ է Visa-ի եւ MasterCard-ի համար, որոնք անձնական ստորագրությամբ հաստատված քարտերով գործողությունների համար գանձման ավելի բարձր դրույք են սահմանել:
Երկու վճարային համակարգի օպերատոր-ընկերությունների գլխամասային գրասենյակներից հաստատել են, որ տեղյակ են Home Depot-ի պահանջներին: Visa-ն մտադիր է հասնել այն բանին, որ հայցի քննությունը Ջորջիայի նահանգի շրջանային դատարանից տեղափոխվի Նյու Յորքի Բրուքլինի շրջանի դատարան, որտեղ Target եւ 7-Eleven խանութների նմանատիպ բողոքներն են ուսումնասիրվում, հայտնում է Gazeta-ն:





























