Թուրքական առաջնորդները խոսքերով ոչնչացնում են Գերմանիային, բայց երբ խոսք է գնում առեւտրի եւ ներդրումների մասին, մի կողմ են թողնում զգացմունքայնությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Թուրքիայից տնտեսագետ, Քադիր Հաս համալսարանի դասախոս Նուրհան Դավությանը:
Նրա կարծիքով, Բունդեսթագի բանաձեւից հետո Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ ներդրումային հարաբերությունների վատթարացում ակնկալել պետք չէ:
Պետք չէ նաեւ սպասել, որ Անկարան կսկսի խոչընդոտներ ստեղծել Թուրքիայում գործող գերմանական բազմաթիվ ընկերությունների համար: Հռետորաբանությունը՝ հռետորաբանություն, սակայն, ըստ Դավությանի, որոշումներ կայացնելիս թուրքական առաջնորդներն այնքան էլ պարզունակ չեն:
«Ավելորդ չէ հիշեցնել, որ երբ վարչապետ Յըլդըրըմին նման հարց ուղղեցին, նա բացահայտ կերպով հայտարարեց, որ այստեղ զգացմունքային արձագանք չպետք է լինի»,- հիշեցրեց տնտեսագետը:
Նշենք, որ Գերմանիան Թուրքիայի տնտեսության մեջ արտասահմանյան խոշորագույն ներդրողներից է: Թուրքիայում շուրջ 6 հազար ձեռնարկություն կա՝ ամբողջական կամ մասնակի գերմանական կապիտալով (Թուրքիայում Գերմանիայի դեսպանության տվյալներն են):
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին գերմանական Բունդեսթագը հավանության արժանացրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Դրանում նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 1915 թվականի տեղահանությունների եւ կոտորածների զոհ դարձած հայերի եւ քրիստոնյա մյուս փոքրամասնությունների առջեւ: Բունդեսթագը նաեւ ճանաչում է 1915 թվականի իրադարձությունների համար Գերմանիայի պատասխանատվությունը եւ ափսոսանք հայտնում, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի արել՝ մարդկության դեմ այդ հանցագործությունը կանխելու համար:





























