Եվրասիական տնտեսական միությունը Չինաստանի հետ առեւտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման շուրջ բանակցային գործընթաց է սկսում: Այս մասին Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում կայացած «ԵՏՄ-ն եւ առեւտրային գործընկերները. ընդհանուր տնտեսական տարածք» կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԵՏՀ մամուլի ծառայությունից:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախաձեռնությամբ՝ ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները 2016 թվականը հայտարարել են երրորդ երկրների եւ տնտեսական միավորումների հետ Միության առեւտրա-տնտեսական հարաբերությունների խորացման տարի:
Քննարկման ընթացքում Տիգրան Սարգսյանը կլոր սեղանի մասնակիցներին տեղեկացրել է այս տարվա մայիսին Սինգապուրի հետ Հուշագրի ստորագրման եւ այդ երկրի հետ երկխոսություն սկսելու մասին:
Կլոր սեղանին մասնակցել են Ինտեգրման եւ մակրոտնտեսական հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Քրիստիան Քրիիս Բաքը, Եվրասիական զարգացման բանկի ղեկավար Դմիտրի Պանկինը, Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի ղեկավար, Ռուսաստանում Alstom-ի նախագահ Ֆլիպ Պեգորիեն եւ այլք:





























