Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է պոկել այն գործարարների գլուխը, ովքեր ազգային արժույթի դենոմինացիայի ընթացքում կբարձրացնեն գները: Այս մասին հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:

«Արժույթի դենոմինացիայի հետ կապված գների աճ չի լինի, երաշխավորում եմ: Կպոկենք նրանց գլուխները, ովքեր կփորձեն օգտվել այդ տեխնիկական գործընթացից»,- հայտարարել է նա:

Բելառուսում ազգային արժույթի դենոմինացիան կիրականացվի հուլիսին: Մինչեւ տարեվերջ շրջանառության մեջ կլինի հին եւ նոր նմուշի բելառուսական ռուբլին: Փոխանակումը կիրականացվի 1-ը 10-ի հարաբերակցությամբ:

Անցյալ տարվա նոյեմբերին երկրի Ազգային բանկը հայտարարեց, որ նոր թղթադրամների վրա, որոնք շրջանառության մեջ կդրվեն 2016 թվականի հուլիսից, ուղղագրական սխալ եւ Ազգային բանկի նախկին ղեկավարներից մեկի ստորագրությունը կլինեն: Կարգավորիչի ղեկավարությունը դա բացատրեց այն հանգամանքով, որ նոր թղթադրամները տպագրվել են մինչեւ ուղղագրական նոր կանոնների ուժի մեջ մտնելը: