Քանի դեռ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, Երեւանի եւ Վանի առեւտրաարդյունաբերական պալատների համագործացությունը գործնականում իրատեսական չէ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանն ու հավելեց. «Մենք սպասում ենք երկու երկրների միջեւ միջպետական հարաբերությունների հաստատմանը»:

Նա փաստեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի գործարարների միջեւ կապեր հիմա էլ կան, սակայն դրանք ավելի կամրապնդվեն եւ կզարգանան, եթե երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն։ «Ինչպես հայտնի է, մայիսին՝ Վանի առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների Հայաստանում եղած օրերին, մեր եւ նրանց առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ հուշագիր է ստորագրվել։ Դրանում կոնկրետ որեւէ բան չի նշվել, պարզապես հաստատվել է, որ երկու պալատները պատրաստ են աջակցել իրենց անդամ հանդիսացող ընկերություններին փոխգործակցությանը։ Կոնկրետ ապրանքատեսակների արտահանման եւ ներկրման մասին խոսակցություններ դեռեւս չկան։ Լուրերը, որ Թուրքիայից Հայաստանը պատրաստվում է ձուկ եւ նարինջ ներկրել, իմացել եմ մամուլից, նման բան չկա»,- նշեց Կարեն Մարտիրոսյանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ Վանի առեւտրաարդյունաբերական պալատը տարբեր խորհրդաժողովների մասնակցելու համար իրենց հրավիրել է Թուրքիա, սակայն պատվիրակության կազմը չլրանալու պատճառով այցը չի կայացել։

«Անձամբ ինձ հարավիրել էին նաեւ սեպտեմբերի 18-ին կայանալիք մի բիզնես-ֆորումի, ինչպես նաեւ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին ներկա գտնվելու»,- ասաց Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենը։

Նշենք, որ մայիսին Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի 40 անդամներ այցելել էին Երեւան, որ ընթացքում մասնակցել են Երեւանում կազմակերպված միջազգային տուրիզմի ցուցահանդեսի, եւ Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի հետ կնքել համագործակցության հուշագիր։