Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը բացառել է Եվրամիությանը երկրի անդամակցության հարցով կրկնակի հանրաքվե անցկացնելու հնարավորությունը: Այս մասին գրում է բրիտանական The Independent պարբերականը:

Վարչապետի մամուլի քարտուղարի տեղեկացմամբ, եւս մեկ հանրաքվեի անցկացումը «կարճաժամկետ հեռանկարի ծրագրերում ներառված չէ»:

Պաշտոնական բանակցությունները չեն կարող սկսվել, մինչեւ Մեծ Բրիտանիան չակտիվացնի 50-րդ հոդվածը, որից պետք է մեկնարկի ԵՄ-ի կազմից դուրս գալու երկամյա գործընթացը: Քեմերոնը հայտարարել է, որ դա արդեն հաջորդ կառավարության խնդիրն է:

Բացի այդ, ըստ ՌԻԱ Նովոստիի, բրիտանացի պաշտոնյան  առաջարկել է որոշակիորեն հապաղել ԵՄ-ից դուրս գալու գործընթացի հարցում:

Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում ԵՄ-ին երկրի անդամակցության հարցով հանրաքվե անցկացվեց: Արդյունքների համաձայն, կառույցից դուրս գալու օգտին քվեարկել է քաղաքացիների 51.9%-ը: Վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել է հոկտեմբերին պաշտոնից հեռանալու մասին:

Հանրաքվեի հաջորդ օրն իսկ համացանցում ստորագրահավաք սկսվեց՝ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով կրկնակի հանրաքվե անցկացնելու կոչով: