Եվրախորհրդարանի սահմանադրական հարցերի հանձնաժողովի նախագահ Դանութա Հյուբները հայտարարել է, որ Brexit-ից հետո անգլերենը ԵՄ-ում կկորցնի պաշտոնական լեզվի կարգավիճակը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

«Եթե Միացյալ Թագավորությունը Եվրամիության կազմում չլինի, անգլերենը պաշտոնական լեզու չի լինի»,- հայտարարել է նա:

The Wall Street Journal-ն իր հերթին գրել է, որ հիմա կօգտագործվեն ֆրանսերենն ու գերմաներենը: Եվրոպացի պաշտոնյաներից մեկը հաստատել է տեղեկությունը:

Սպասվում է, որ հունիսի 28-ին Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը ներկաներին կդիմի միայն ֆրանսերեն եւ գերմաներեն: Աղբյուրների համաձայն, սա կխախտի խորհրդարանականներին երեք լեզվով դիմելու՝ վաղեմի ավանդույթը:

Ամեն դեպքում, անգլերենը կշարունակի ԵՄ-ում աշխատանքային լեզու լինել: Մասնավորապես, այն կօգտագործվի Եվրոպական կենտրոնական բանկի փաստաթղթերում, քանի որ եվրոյի գոտում գտնվող երկու երկրներում՝ Իռլանդիայում եւ Մալթայում, անգլերենը պաշտոնական լեզուներից մեկն է:

Ներկայում ԵՄ-ում երեք աշխատանքային լեզու է օգտագործվում՝ անգլերեն, գերմաներեն եւ ֆրանսերեն, ինչպես նաեւ 24 պաշտոնական լեզու:

Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում ԵՄ-ին երկրի անդամակցության հարցով հանրաքվե անցկացվեց: Արդյունքների համաձայն, կառույցից դուրս գալու օգտին քվեարկել է քաղաքացիների 51.9%-ը: