IKEA ընկերությունը հետ է կանչում մոտավորապես 29 մլն կոմոդ եւ պահարան, որոնք պատրաստվել են սկսած 2002 թվականից`  դրանց ընկնելու  վտանգի պատճառով, ինչը շատ վտանգավոր է երեխաների համար, հայտնում է   «ՌԻԱ Նովոստին»:   

CPSC-ի`  Սպառողական ապրանքների անվտանգության հանձնաժողովի տվյալներով առնվազն 36 երեխա տուժել է պահարանների ընկնելու հետեւանքով, իսկ զոհերի թիվը վեց մարդ է կազմում: 

IKEA-ն նշում է, որ կոմոդները եւ պահարաններն անհրաժեշտ է պատին ամրացնել, հակառակ դեպքում դրանք կընկնեն: Ընկերությունը սպառողներին առաջարկում է վերադարձնել կահույքը կամ ինքնուրույն նորոգել այն: Գնորդների ցանկությամբ ընկերությունն իր աշխատողների խումբ կուղարկի պատերին ամրակներ ամրացնելու համար: 

IKEA-ն աշխարհում կահույքի եւ տնային կենցաղային իրերի առեւտրի խոշորագույն մանրածախ ցանցն է, որը հիմնադրվել է  1943-ին` Շվեդիայում:  Խումբը 2014-ի օգոստոսի տվյալներով 315 խանութ ունի աշխարհի 27 երկրում: Այսօրվա դրությամբ Ռուսաստանի 11 խոշորագույն շրջանում 14  «Մեգա» առեւտրի կենտրոն է բացված, որոնցից  յուրաքանչյուրի կազմի մեջ IKEA խանութ է մտնում: