Երեւում է Գագիկ Բեգլարյանը սրտին շատ մոտ է ընդունել մայրաքաղաքի կանաչ գոտիների վերացման դեմ պայքարող «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության գործունեությունն ու հատկապես կազմակերպության անվանումը, ինչի մասին ամիսներ առաջ խոսելով` հայտարարել էր, թե նրանք ինչ-ինչ  քաղաքական հարցեր են լուծում:

Իսկ ամենազավեշտալին այն էր, որ Բեգլարյանին ամենավտանգավորը թվացել էր անվանման ընտրությունը, որի առնչությամբ բորբոքված պարզաբանումներ էր ներկայացրել, ասելով. «Մենք ենք այս քաղաքի տերը», իրանք չգիտեն, որ Երեւանում են,  երկրորդ՝ այս քաղաքի տերը բոլորս ենք՝ ժողովուրդը, ավագանին: Քաղաքապետարանի աշխատակազմը դիմացի երեք տարին այս քաղաքի ղեկավարներն են, ուզեն, թե` չուզեն, մենք ղեկավարելու ենք, իսկ տերը լինելու են բոլորը»:

Պարզվում է, քաղաքապետի զայրույթը չի անցել եւ նա որոշել է ամիսներ անց  հանդես գալ պատասխան  հակահարվածով` «Էրեբունի Երեւան» միջոցառումը իրականացնելով «Երեւանը մենք ենք» կարգախոսով:

Նշենք, որ նախկինում «էրեբունի Երեւան» միջոցառումն իրականացվել է առանց մեսիջներ պարունակող կարգախոսների, առավել եւս որ տոնակատարությունը նվիրված է կոնկրետ  դարերի պատմություն ունեցող խորհրդանշական օրվա: