Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հոկտեմբերի 6-ին ընդունել է Համաշխարհային բանկի փորձագետ Բեթի Հանանին, ով  Հայաստանում է «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային առաջին ծրագրի անկախ գնահատում իրականացնելու համար: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բեթի Հանանը հակիրճ ներկայացրել է կատարված գնահատման արդյունքները`  մասնավորապես նշելով, որ 2004-2008թթ. իրականացված ծրագիրն ի սկզբանե ճիշտ էր նախագծված, իսկ ընտրված  նպատակներըմ մինչ օրս էլ արդիական են: Նա հատկապես նշել է ընտանեկան բժշկության համակարգի ներդրման դրական ընթացքը, իսկ հիվանդանոցների օպտիմալացման եւ արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքները տպավորիչ է համարել: Փորձագետն առավել ամբողջական զեկույցը  ՀՀ կառավարությանը կներկայացնի առաջիկա շաբաթների ընթացքում:

Ա. Գեւորգյանը իր հերթին նշել է, որ ոլորտը շարունակում է մնալ Կառավարության ուշադրության կենտրոնում, եւ քայլեր են ձեռնարկվում առողջապահական ծառայությունները բնակչության բոլոր շերտերին մատչելի եւ հասանելի դարձնելու համար: Նշվել է, որ կառավարությունը մտադիր չէ բավարարվել ձեռք բերածով: Ներկայացվել են նաեւ առաջիկա տարիներին համակարգում իրականացվելիք նախագծերը: