Ռուսաստանը չի շտապում բացել իր շուկան Թուրքիայի համար, քանի որ առաջին հերթին անհրաժեշտ է աջակցել սեփական գյուղատնտեսական մթերք արտադրողներին: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։ «Մենք չենք շտապում բացել մեր սննդի շուկան, պատճառներն ակնհայտ են, մենք պետք է առաջնահերթ աջակցենք մեր սեփական արտադրողին: Երեկ վարչապետի կողմից շատ հստակ նշվեց, որ նման խնդիր այսօրվա դրությամբ ընդհանրապես չկա»,- հայտարարել է նախարարը: Միևնույն ժամանակ նախարարն աջակցում է Ռուսաստանից Թուրքիա զբոսաշրջիկների հոսքի վերսկսման որոշումը: «Այո, թուրքական հանգստավայրերի ուղղությամբ մենք բացել ենք ճանապարհը, և դա օբյեկտիվ է երևի: Սա շատ մոտ երկիր է մեզ, և հասկանալի մեր զբոսաշրջիկների համար, ավելի տաք եղանակով»,_– նշել է Տկաչովը: 2016 թվականի հունվարի 1–ից Ռուսաստանը արգելել էր Թուրքիայից մի շարք գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը( այդ թվում ելակի, նարնջի, մանդարինի, խաղողի, խնձորի, տանձի, ծիրանի, դեղձի, նեկտարինի, սալորի և որոշ բանջարեղենի):