Ութ տարվա ընդմիջումից հետո, ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը, որ քաջ ծանոթ է աշխարհի տարբեր քաղաքներում ունեցած իր ելույթներով, օրերս հանդես է եկել Լիբանանում:
Համերգից շատ օրեր առաջ տոմսերն արդեն սպառված էին: Լիբանանի Զուք Միքայելի հռոմեական ամֆիթատրոնում կայացած եռօրյա համերգները ներգրավել էին աշխարհի տարբեր անկյուններից եկած հանդիսատեսին ու երկրպագուներին: Համերգներն իրենց ինքնատիպությամբ հանդիսատեսին էին հաղորդում Կիլիկիայի հայկական թագավորության շունչը, որ ժամանակին այն տարագիր հայերի բնօրրանն էր, ովքեր Միջին Արեւելքում հաստատվեցին մոտ մեկ դար առաջ:
Ներկայացումների աստղն էր կիպրահայ մաեստրո Սեպուհ Աբգարյանը: Համերգային ծրագրի առաջին մասն ընդգրկում էր դասական, սիրային եւ ժողովրդական երգեր, ինչպես նաեւ գործիքային կտորներ, որոնք հատուկ մշակված էին ԳՈՀԱՐ-ի համար` շեշտը դնելով հայկական ավանդական գործիքների`դուդուկի, քանոնի եւ դհոլի վրա։ Այս բոլորը միաձուլված էին` հանդիսատեսին փոխանցելու համար Հայկական հարուստ ժառանգության ու մշակույթի կարոտը։
Երկրորդ մասը շարունակվել է համաձույլ ջազով, որը ոգեւորեց երիտասարդ ու տարեց հանդիսատեսներին յուրահատուկ կատարումով ու զանազան գործիքների օգտագործումով՝ ներառյալ հայկական զուռնան։
«Վերականգնվիր Կիլիկիա» երգը, որ գրված է հատուկ ԳՈՀԱՐ-ի համար, խանդավառել է հանդիսատեսին, մասնավորապես, երբ նրանք հպարտությամբ ու պատվով սկսել են ծածանել ԳՈՀԱՐ-ի կողմից տրամադրված Կիլիկիայի հայկական թագավորության դրոշները։ ԳՈՀԱՐ-ի ելույթների ավարտը նշանակալից է դարձել փայլատակող հրավառությամբ ու դրա գունազարդ շողարձակումներով։
Նշենք, որ համերգներից ստացված գումարը կտրամադրվի Լիբանանի կարիքավոր հայկական դպրոցներին:
ԳՈՀԱՐ-ը հիմնադրվել է 1997-ին, Հայ մշակույթի մեկենաս, լիբանանահայ Հարութ Խաչատուրյանի կողմից, ով հովանավորն է «Գոհար»-ի ընդհանուր գործունեության եւ աշխարհում կատարած բոլոր համերգների` ներառյալ լիբանանյան վերջին ելույթները։ Համույթի անվանումն ընտրվել է ի պատիվ իր մոր՝ Գոհար Խաչատուրյանի եւ ի հիշատակ հոր՝ Արամ Խաչատուրյանի։





























