Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հոկտեմբերի 7-ին ընդունել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս ռեգիոնի պատվիրակությանը` շրջանային խորհրդի փոխնախագահ, Կլամարի քաղաքապետ Ֆիլիպ Կալտենբակի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստանում է` մասնակցելու ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովին:
Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի ռեգիոնների միջեւ արդեն իսկ բավականին արդյունավետ համագործակցություն է ստեղծված, սակայն նոր հարաբերությունների հաստատումն առավել կամրապնդի երկկողմ բարեկամական կապերը:
Իլ դը Ֆրանսի մի քանի քաղաքներ` Ալֆորվիլը, Կլամարը, արդեն համագործակցում են Հայաստանի քաղաքների հետ: Շրջանային խորհրդի փոխնախագահը հայտնել է, որ իրենք հետաքրքրված են շարունակելու Հայաստանի հետ ապակենտրոնացված մակարդակով հարաբերությունների խորացումը եւ մտադիր են համագործակցություն հաստատել նաեւ Երեւանի հետ: Մայրաքաղաքների հետ գործակցությունը Իլ դը Ֆրանսի առաջնահերթություններից է, եւ ռեգիոնն արդեն գործընկերային հարաբերություններ ունի 12 մայրաքաղաքների հետ:
Ա. Գեւորգյանը ողջունել է նման մտադրությունը` նշելով, որ ֆրանսիական փորձն օգտակար եւ ուսանելի կլինի Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների համար ու պատրաստակամություն հայտնեց աջակցելու համագործակցության կայացմանը:





























