Հայ Արիական Միաբանությունն իր տարակուսանքն է հայտնում Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի Երեւանում ասված այն արտահայտության առնչությամբ, թե ինքը չգիտի «ինչ է Ջավախքը, որ նման վայր Վրաստանի քարտեզի վրա չկա...»:
Սրա հետ կապված հայ արիները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես, ասվում է.
«Սա վրացական հերթական սադրանքն է ջավախքահայության եւ առհասարակ հայության նկատմամբ, որից այնքան էլ չենք զարմանում, սակայն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ոչ համարժեք կեցվածքն ու պատասխանի բացակայությունը, իրոք մտահոգիչ է: Սեփական տանը թույլ տալ անարգելու մեր հայրենիքի մի հատվածը, անթույլատրելի եւ ողորմելի կեցվածք է:
Վերջերս Թբիլիսին եւ Բաքուն հաճախակի են խոսում երկու երկրների համադաշնության ստեղծման մասին, ուստի այսպիսի անպատասխանատու հայտարարություններին պետք է տեղում եւ շատ կտրուկ պատասխաններ տրվեն: ՀՀ ԱԳ նախարարը պետք է կամ կոպտորեն ընդհատեր ասուլիսը, որում հնչեց Վրաստանի ԱԳ նախարարի անգրագիտությունը, կամ պետք է հիշեցներ, թե ի՛նչ է Ջավախքը, ի՛նչ է Հայաստանը եւ երբ եւ ինչ ձեւով է առաջացել Վրաստանը, որն արդեն իսկ արդարացի բաժանման գործընթացում է, երբ Վրաստան կոչված տարածքից իրենց պատմական հողերով անկախացան Աբխազիան եւ Հարավային Օսիան, անկախանալու հեռանկարն ունեն Ջավախքն ու Աջարիան եւ էլի տարածքներ:
Հայ Արիական Միաբանությունը ՀՀ իշխանություններին զգուշացնում է, որ այսպիսի «հարեւանասիրական ու բարեկամական» դրսեւորումները նոր վտանգի առջեւ կկանգնեցնեն հայությանը, այս անգամ Ջավախքի եւ վրացահայության հարցում»:





























