Հոկտեմբերի 10-ին «էրեբունի-Երեւան» տոնակատարության միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով եւ անվտանգության նկատառումներից ելնելով` փակվելու են մի շարք կենտրոնական փողոցներ եւ հրապարակներ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 7-ին կայացած ասուլիսում հայտարարել է Ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը:
Նրա խոսքով, առավոտյան 8:30-ից փոքր կենտրոնում երթեւեկությունը դադարեցվելու է: Ամբողջությամբ փակ կլինի Հանրապետության հրապարակը, Մաշտոցի պողոտան եւ Արգիշտիի փողոցը կփակվեն` սկսած Հաղթանակի կամրջից, Բաղրամյան պողոտան` Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչեւ Ֆրանսիայի հրապարակ: Թումանյան, Սայաթ-Նովա, Տիգրան Մեծ փողոցները` Խանջյան փողոցի հետ հատման մասերից դեպի փոքր կենտրոն, Աբովյան փողոցը` Մոսկովյան փողոցի խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Տերյան փողոցը` Կորյունի փողոցի խաչմերուկից դեպի փոքր կենտրոն, Նալբանդյան փողոցը` Սախարովի հրապարակից մինչեւ Հանրապետության հրապարակ:
Մինչեւ ժամը 14-ը փակ կլինի Էրեբունի թանգարանի հարակից հրապարակը, ժամը 12-14-ը մասամբ փակ կլինեն Էրեբունու, Արցախի եւ Տիգրան Մեծի փողոցները` քանի որ այս ուղղությամբ նախատեսված է Արգիշտի արքայի շքախմբի երթը: Այդ ընթացքում, ինչպես տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը, համաքաղաքային երթուղիները գործելու են շրջանցող փողոցներով: «Անցած տարվա համեմատությամբ երթեւեկության դադարեցումներն այս տարի նվազագույնի են հասցվել: Գրիգոր Լուսավորչի փողոցը չի փակվելու` Պռոշյան-Պարոնյան փողոցներից դեպի Արշակունյաց պողոտա ուղղությունն աշխատելու է, սակայն «Մետրոպոլ» հուրանոցի կողմից մուտքը դեպի Լուսավորչի փողոց փակ է լինելու, այն կբացվի ժամը 16-00-ից հետո, երբ Երեւանի քաղաքապետարանի մոտից դեպի Հանրապետության հրապարակ շքերթն ավարտված կլինի»,- տեղեկացրեց Արսեն Արշակյանը:
Օպերատիվ ծառայությունների, տոնակատարության սպասարկող անձնակազմի, ինչպես նաեւ լրատվամիջոցների համար մուտքը վերոնշյալ փողոցներում կթույլատրվի հատուկ անցագրերով: Ի գիտություն փոքր կենտրոնում գործող մասնավոր ընկերությունների` Արսեն Արշակյանը նշեց, որ փակ փողոցներով թույլատրվելու է միայն հաց առաքող մեքենաների մուտքը:
Ժամը 22-ից հետո ամբողջությամբ կվերականգնվի հասարակական տրանսպորտի աշխատանքը փոքր կենտրոնում ` բացառությամբ Հանրապետության հրապարակի:
Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արմենակ Ադամյանը նշել է, որ հոկտեմբերի 10-ին Երեւանի մետրոպոլիտենը կաշխատի երկարացված ռեժիմով` մինչեւ ժամը 24-ը, իսկ ողջ օրվա ընթացքում գործելու են նաեւ լրացուցիչ համաքաղաքային երթուղիներ` մետրոպոլիտենի «Երիտասարդական», «Զորավար Անդրանիկ» եւ «Բարեկամություն» կայարաններից դեպի ծայրամասային թաղամասեր:



























