Հինգշաբթի ոսկու արժեքը նվազում է, որովհետեւ ներդրողները նախապատրաստվում են համաշխարհային Կենտրոնական բանկերի կողմից մի շարք երկրների տնտեսությունների խթանման նոր միջոցների հայտարարմանը, ինչը ռիսկային ակտիվների նկատմամբ պահանջարկի աճ է առաջացնում, վկայում են առք ու վաճառքի տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նյու Յորքի Comex  բորսայում ոսկու օգոստոսյան ֆյուչրսի գինը նվազել է  3,5 դոլարով կամ 0,26 տոկոսով, մինչեւ տրոյական ունցիայի համար 1340,10 դոլար: Արծաթի սեպտեմբերյան ֆյուչրսի արժեքը նվազել է   0,14 տոկոսով, մինչեւ ունցիայի դիմաց 20,39 դոլար:

Ներդրողներն ընթացիկ եւ հաջորդ շաբաթ ակնկալում են մի շարք երկրների կենտրոնական բանկերի կողմից տնտեսությունների խթանման պոտենցիալ միջոցների ներդրում: Նման միջոցների ներդրման հնարավորության վերաբերյալ սպեկուլյացիաները ռիսկի հանդեպ ախորժակի աճ են առաջացնում: Դրա հետեւանքով ոսկու հանդեպ հետաքրքրությունը եւ դրա արժեքը կնվազի, այն ավանդաբար համարվում է անվտանգ ակտիվ: 

Առավել սպասված իրադարձությունների թվում ներդրողներն առանձնացնում են Անգլիայի Բանկի, ինչպես նաեւ Ճապոնիայի Բանկի նիստի արդյունքները: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ավելի վաղ հայտնել էր, որ կառավարությունն ամսվա վերջին պետք է երկրի տնտեսության խթանման նոր միջոցներ մշակի: Ինչ վերաբերում է Անգլիայի Բանկին, շատ ներդրողներ կարծում են, թե Մեծ Բրիտանիայի քաղաքացիների` ԵՄ-ից երկրի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեին կայացրած որոշումը   (Brexit) կարգավորող մարմնին կստիպի 2009 թվականի մարտից ի վեր առաջին անգամ նվազեցնել հիմնական տոկոսադրույքը: