Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում է իր քաղաքական կյանքում ամենակատաղի մարտին, գրում է Financial Times–ը։

Թերթում նշվում է, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը սպառնալիքի տակ է դնում ամեն բան, ինչի հասել էր Մերկելը ավելի քան 10 տարվա ընթացքում։ Հանրաքվեի արդյունքների կապակցությամբ նրա հայտնած կարծիքը, թե դա ցավալի արդյունք է, իր մեջ թաքցնում էր բազմաթիվ տագնապները, որոնց թվում՝ ԵՄ առանցքային դաշնակիցներից մեկի կորստյան եւ բլոկից մյուս պետությունների դուրս գալու վախը, ինչը սպառնալիք է Եվրոպայում Մերկելի դիրքերին։

«Նա բախվել է պատմական մարտահրավերի՝ պահպանել Եվրոպան փլուզումից։ Դա բխում է ինչպես Գերմանիայի, այնպես էլ Եվրոպայի շահերից։ Անխոս, նա շատ է տագնապած»,– ասում է Մայնցի համալսարանի քաղաքագետ Յուրգեն Ֆալտերը։

Բրիտանիայի հետ լավ հարաբերություններ պահպանելու փորձերին զուգահեռ՝ Մերկելը պետք է պատրաստվի Գերմանիայում 2017-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, որոնք Եվրոպայում միգրացիոն ճգնաժամից հետո առաջինն են։ Բացի այդ, նա ստիպված է դիմակայել Եվրոպայի ապագայի այլ տեսլական ունեցող ԵՄ առաջնորդներին, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին եւ Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցիին։

«Մերկելի ազդեցությունը կթուլանա։ Brexit–ը նոր տարաձայնություններ եւ հակասություններ ստեղծի»,– կարծում է Եվրոպական խորհրդի վերլուծաբան Յոզեֆ Յաննինգը։

Գերմանիայում եւ ԵՄ–ում Մերկելի առաջատար դերը սպառնալիքի տակ է հայտնվել, գրում է FT–ը։ Պահպանողական բլոկի աջակցությունը 41 տոկոսից նվազել է մինչեւ 33 տոկոսի։ Բացի այդ, նա ուժեղ մրցակից ունի ի դեմս «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության եւ նրա հակամիգրացիոն դիրքորոշման։ Միաժամանակ փախստականների հարցում կանցլերի քաղաքականությունը քիչ աջակցություն է գտել ԵՄ գործընկերների շրջանում, եւ շատերը նրան մասամբ մեղադրում են Brexit–ի համար։

Հեղինակը կանխատեսում է, որ Մերկելի նոր գլխացավը կդառնա պարտքերի մեջ խրված իտալական բանկերը փրկելու Հռոմի խնդրանքը։