Վենեսուելայում արտակարգ դրության մասին հրամանագիրը երկարաձգվել է եւս 60 օրով։ Այդ մասին ասվում է չորեքշաբթի հրապարակված կառավարական Gaceta Оficia տեղեկագրում։
Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն դեռ այս տարվա հունվարին ստորագրել էր համապատասխան հրամանը, որպեսզի գործադիր մարմնին լայն հնարավորություններ ընձեռի «տնտեսական պատերազմի» ժամանակ բնակչության պաշտպանության համար։ «Հրամանագրի կիրառման երկարաձգման որոշումը պայմանավորված էր սոցիալական, տնտեսական, քաղաքական, բնապահպանական եւ էկոլոգիական առումով արտակարգ իրադրության պահպանմամբ, ինչը բացասական է անդրադառնում ազգային տնտեսության վրա», - նշվում է փաստաթղթում։
«Անհրաժեշտ է նոր միջոցներ ձեռնարկել եւ զարգացնել այն միջոցները, որոնք արդեն իրագործման փուլում են, որպեսզի դրանք լայնամասշտաբ ազդեցություն թողնեն ազգային տնտեսության վրա», - նշվում է փաստաթղթում:
Վերջին վեց ամիսների ընթացքում Վենեսուելայում կտրուկ սրվել է առեւտրային եւ պարենային դեֆիցիտը, որն ի հայտ է եկել ձգձգվող ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պարագայում: Մայիս–հունիս ժամանակահատվածում ստեղծված իրավիճակի դեմ քաղաքացիների բողոքի ցույցերը վերածվել էին իրավապահ մարմինների հետ բախումների։




























