Ֆրանսիայի ազգային տոնի (Բաստիլի գրավման օր) առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 14-ին, այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Հանրապետության նախագահը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության աշխատակիցներին եւ ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:
Նախագահ Սարգսյանն ընդծել է, որ ուրախ է տոնի առիթով եւս մեկ անգամ կրկնելու՝ Հայաստանը հպարտ է բարեկամ Ֆրանսիայի հետ իր առանձնաշնորհյալ հարաբերություններով: ՀՀ Նախագահը միջպետական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում կարեւորել ու բարձր է գնահատել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աշխատանքը եւ դիվանագիտական ներկայացուցչությանը մաղթել նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ երկու երկրների եւ ժողովուրդների:
Դեսպան Շարպանտիեն շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ դեսպանություն այցելության, ջերմ շնորհավորանքի, բարեմաղթանքների, ինչպես նաեւ դեսպանության գործունեությանը տված բարձր գնահատականի համար եւ նշել, որ իր ու դեսպանության բոլոր աշխատակիցների համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն է ամենօրյա աշխատանքով ավելի խորացնել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դարավոր բարեկամությունը, որը, դեսպանի համոզմամբ, մշտական հոգածություն է պահանջում:
Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին:
«Ջերմորեն շնորհավորում եւ լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ եւ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ:
Մեր երկու բարեկամ երկրների միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ փոխվստահության մթնոլորտը կայուն հիմք են հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա համակողմանի զարգացման եւ խորացման համար: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել Հայաստանը եւ Ֆրանսիան միավորող կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով՝ ի շահ մեր ժողովուրդների։
Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական հետեւողականությունը Հայոց ցեղասպանության ժխտումն օրենքի ուժով դատապարտելու հարցում, ինչը մեկ անգամ եւս ընդգծում է Ֆրանսիայի եւ անձամբ Ձեր հավատարմությունը համամարդկային արժեքներին, մասնավորապես՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային պայքարին։
Մենք մեծապես կարեւորում ենք Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ համատեղ ներգրավվածությունն ու ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության:
Մեկ անգամ եւս շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ եւ ամենայն բարիք, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` հետագա առաջընթաց եւ բարօրություն»,- ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:































