Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահները ռազմավարական համագործակցության արդիականացման վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել: Ադրբեջանական լրատվամիջոցների  փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ունեցած հանդիպման արդյունքները ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում: «Մենք սահմանել ենք համագործակցության իրականացման հստակ խնդիրները։ Մենք մանրամասն քննարկել ենք տնտեսական ոլորտում մեր համագործակցությունը», - ընդգծել է Պորոշենկոն: Նա հավելել է, որ կողմերը պայմանավորվել են ուկրաինական տրանպորտային АН-178 ինքնաթիռներ մատակարարել Ադրբեջանին, ինչպես նաեւ հանրապետության տարածքում այդ ինքնաթիռների համատեղ արտադրություն հիմնել։

 Պորոշենկոն հայտարարել է, որ Կիեւը եւ Բաքուն ամեն կերպ կնպաստեն ադրբեջանցի ներդրողների մուտքը վառելիքաէներգետիկ շուկա: Ուկրաինայի նախագահը նաեւ վստահություն է հայտնել նոր «Մետաքսի ճանապարհի» նախագծի իրագործումը հեռանկարային եւ շահավետ է Ուկրաինայի եւ Ադրբեջանի համար: Նա նաեւ ընդգծել է, որ նոր մարտահրավերների պայմաններում երկու երկրների հարաբերությունները նոր դինամիկա են պահանջում:

Երկու երկրների միջեւ բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրվել: Մասնավորապես, Պորոշենկոն եւ Ալիեւը նախագահների խորհրդի 5-րդ նստաշրջանի արձանագրություն են ստորագրել: Երկու երկրների միջեւ ստորագրվել է փաստաթուղթ 2016-2020թթ. մշակույթի եւ արվեստի ոլորտում համագործակցության ծրագրի եւ մաքսային մարմինների միջեւ օդային տրանսպորտի միջոցով բեռնափոխադրումների իրականացման խախտումների դեմ պայքարի հարցում փոխօգնության վերաբերյալ։