Թուրքիայում հայկական եկեղեցիները զավթելու խնդիրը քննարկվել է ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված լսումներում: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում NEWS.am-ի թղթակիցը: «Ինձ շարունակում է անհանգստացնել Թուրքիայում հայկական եկեղեցիները, այդ թվում՝ Սուրբ Կիրակոս եկեղեցին զավթելու խնդիրը: Սա այն միտումների հետեւանքն է, որոնք 100 տարի առաջ հանգեցրին հայերի ցեղասպանության»,- հայտարարել է կոնգրեսական Դեյվ Թրոթը՝ միաժամանակ ողջունելով Գերմանիայի Բունդեսթագի վերջերս ընդունած՝ Ցեղասպանության ճանաչման բանաձեւը:
Կոնգրեսականի խոսքով՝ հենց Արեւմուտքն սկսում է քննադատել Թուրքիային մարդու իրավունքների խախտման համար, Անկարայում, ի պատասխան, մտաբերում են, որ ՆԱՏՕ-ում նրանց դաշնակիցներն են: «Դա, սակայն, չի կարող արդարացում լինել»,- ընդգծել է Թրոթը: Լսումներին ներկա փորձագետների կարծիքով՝ Թուրքիայում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակն օրեցօր վատանում է: Դա առաջին հերթին պայմանավորված է Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ ամբողջ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու փորձերով:
«Թուրքիայում միշտ էլ ժողովրդավարության իրավիճակը խնդրահարույց է եղել, իսկ այժմ էլ ավելի է վատացել: Բոլոր ոլորտներում՝ դատական իշխանություն, քաղաքականություն, վարչական կառավարում, քրդերի իրավունքներ, մասնավոր բիզնես, կրթություն, շարունակվում է ազատության սահմանափակումը եւ իշխանության կենտրոնացումը նախագահ Էրդողանի ձեռքում»,- հայտարարել է Զարգացման ամերիկյան կենտրոնի փորձագետ Ալան Մակովսկին:
Իսկ Ուիլսոնի կենտրոնի Մերձավոր Արեւելքի ծրագրի տնօրեն Հենրի Բարքիի խոսքով՝ Էրդողանը փորձում է Թուրքիայում կառավարման համակարգը փոխել խորհրդարանականից նախագահականի՝ օգտագործելով ավտորիտար մեթոդներ: «Այսպես՝ միայն Թուրքիայի նախագահին վիրավորելու մեղադրանքով դատապարտվել է 1845 մարդ»,- նշել է Բարքին: Լսումներն ամփոփելով՝ ազդեցիկ կոնգրեսական Դեյն Ռորաբահերն ասել է, թե հստակ է, որ Թուրքիան շարժվում է սխալ ուղղությամբ: «ԱՄՆ-ը, ԱՄՆ ժողովուրդը շնորհակալ է Թուրքիային բարեկամության եւ համագործակցության համար, որոնք կարեւոր դերակատարում են ունեցել նախորդ տասնամյակներում: Այդուհանդերձ, բոլորի համար հստակ է նաեւ, որ Թուրքիան մտել է բռնապետության եւ արմատականության կծիկի մեջ, եւ սարսափելի է թեկուզ միայն այն միտքը, թե ուր կարող է այդ կծիկը հասցնել»,- հայտարարել է կոնգրեսականը:





























