Հայաստան-ԵՄ բանակցային գործընթացը արդյունավետ է եւ դինամիկ: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարել է ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը: Նա նշել է, որ վերջին շրջանում կողմերի միջեւ տեղի են ունեցել բարձր մակարդակի մի շարք փոխայցելություններ:
Փոխնախարարը ողջունելի է համարել, որ եվրոպական կողմը քննարկումներին ներգրավել է նաեւ քաղաքացիական հասարակությանը: Նազարյանի խոսքով՝ չնայած քաղաքական հարցերում տարբերություններին, հարկ է ընդգծել այն ընդհանուրը, որն օգնում է համագործակցությանը՝ հարգանքը օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների հանդեպ. այս մոտեցումները հաստատվեցին 2015 թ. Ռիգայում տեղի ունեցած «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին:
«Մենք հետեւողական էինք, որպեսզի գագաթնաժողովի ժամանակ արված Հայաստանին վերաբերող հայտարարությունների դրույթները իրականություն դառնան: 2015 թ. դեկտեմբերին Բրյուսելում տրվեց նոր բանակցությունների մեկնարկը, որոնք ակտիվորեն ընթանում են քաղաքական եւ առեւտրի ոլորտներում: Մեր նպատակը Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների իրավական հիմքի ձեւավորումն է: Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում կկարողանանք ավարտին հասցնել բանակցությունների կարեւոր գործընթացը»,- ասել է Կարեն Նազարյանը:
Հայաստանն արդեն միացել է եվրոպական մի շարք կարեւոր ծրագրերի՝ Փոքր եւ միջին բիզնեսի մրցունակության ծրագրին (COSME) եւ ինովացիաների աջակցության «Horizon-2020» ծրագրին: «Նախատեսում ենք միանալ նաեւ մշակութային փոխանակման «Creative Europe» ծրագրին»,- հավելել է փոխնախարարը:




























