Ակնհայտ է, որ Ֆրանսիան ահաբեկչական հարձակումների գլխավոր թիրախներից է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա դե Ռոշբլուանը՝ մեկնաբանելով Նիսում իրականացված հարձակումը:
Այսօր տարածած եւ NEWS.am-ին տրամադրած հայտարարությունում նա նշել է. «Ես կիսում են այն ցավը, որը զգում են զոհերի ընտանիքները, եւ զայրույթը, որ զգում ենք մենք բոլորս: Սարսափը սահման չունի, եւ մենք կրկին տեսանք դա:
Անվտանգության բարձր մակարդակով անցկացված Եվրո 2016-ի ավարտից հետո, երբ Հանրապետության նախագահը պետք է հայտարարեր արտակարգ դրության ավարտի մասին, երբ մենք նշում ենք Հանրապետության արժեքները (Բաստիլի գրավման օրը – խմբ.), ահաբեկչական սարսափելի ակտը ցնցեց Ֆրանսիան:
30 պատգամավորներից կազմված առաքելությունը հանդես է եկել մի շարք առաջարկներով: Իսկ ես դիմել եմ Հանրապետության նախագահին, վարչապետին, ներքին գործերի նախարարին՝ անհապաղ միջոցառումների կոչ անելով:
Ֆրանսիան՝ մարդու իրավունքների երկիրը, պետք է գործանականում ապացուցի իր վճռականությունը: Առանց դրա հասարակությունը կշարունակի վախենալ ահաբեկչական անհայտ ակտերից:
Ֆրանսիան պետք է կարողանա միավորվել՝ չնայած քաղաքական տարաձայնություններին»:





























