Հոկտեմբերի 14-ին Բուրսայում՝ Աթաթուրքի անվան մարզադաշտում, ֆուտբոլի աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Թուրքիայի և Հայաստանի հավաքականների միջև կկայանա պատասխան խաղը։

Այդ օրը, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով թուրքական «Վաթան» թերթում հրապարակված տեղեկատվությանը, կհանդիպեն ոչ միայն ֆուտբոլային թիմերը, այլ նաև երկու երկրների ներկայացուցիչներ: Հայ երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանները, ովքեր այս տարի ելույթ էին ունեցել Մոսկվայում կայացած «Եվրատեսիլում», ելույթ կունենան խաղի բացման արարողությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև անցած տարվա սեպտեմբերին Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացած առաջին խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով։ Այդ մենամարտը հատկապես նշանավորվեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցով Հայաստան, ով իր հայ գործընկերոջ՝ Սերժ Սարգսյանի հետ միասին պատվավոր հյուրերի օթյակից հետևում էր ֆուտբոլային մենամարտին։