Սխալ եւ անարդար է իսլամն անվանել «ահաբեկչության կրոն», օգոստոսի 1-ի գիշերը Լեհաստանից Վատիկան ճանապարհին օդանավում լրագրողներին ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Հարցին՝ ինչո՞ւ նա ահաբեկչական ակտերն ու բռնության երեւակումները նկարագրելու համար ոչ մի անգամ չի օգտագործում «իսլամ» եւ «մուսուլման» բառերը, հովվապետը պատասխանել է, որ «իսլամը բռնության հետ նույնականացնելը սխալ է», փոխանցում է DW-ն:
«Ամեն կրոնում կան արմատականների փոքրաթիվ խմբեր»,- ընդգծել է նա: Հովվապետը նշել է, որ բազմիցս շփվել է իմամների հետ, եւ իրեն ծանոթ է նրանց մտածելակերպը: «Նրանք խաղաղություն են փնտրում»,- ընդգծել է նա: Դրա հետ մեկտեղ, Ֆրանցիսկոսը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իսլամին ներգրավված չի համարում:
Բռնությունը հատուկ չէ որեւէ կրոնի ներկայացուցիչներին, համոզված է նա: Ճիշտ այնպես, ինչպես չեն հայտարարում, որ բոլոր կաթոլիկներն ագրեսիվ են, համանման ընդհանրացում չի կարելի անել նաեւ մուսուլմանների համար: «Ինձ դուր չի գալիս «իսլամական բռնություն» բառակապակցությունն օգտագործել, որովհետեւ ամեն օր կարդալով լրագրերը՝ ես բռնություն եմ տեսնում. մի տեղ տղամարդն է սպանում իր ընկերուհուն, մեկ այլ տեղ՝ զոքանչին: Եվ նրանք բոլորը մկրտված կաթոլիկներ են: Եթե խոսենք իսլամական բռնության մասին, ապա անհրաժեշտ է խոսել նաեւ կաթոլիկ բռնության մասին»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:




























