Հայաստանում պահպանվում է ֆիզիկական անձանց արտերկրներից դրամական փոխանցումների (հաջորդիվ՝ «փոխանցումներ») հոսքի հետընթացը: Հունիսին փոխանցումների ընդհանուր գումարը տարեկան կտրվածքով կրճատվել է ավելի քան 27,9 մլն դոլարով (կամ 17,1 տոկոսով): Ռուսաստանից փոխանցումների կրճատումը գերազանցել է 21,5 մլն դոլարը, իսկ մյուս երկրներից կազմել է 6,4 մլն դոլար (գլխավորապես Արաբական Միացյալ Էմիրություններից 5,3 մլն դոլար չափով փոխանցումների կրճատման պատճառով):
Փոխանցումների ցուցանիշը հրապարակվում է ԱՄՆ դոլարով (ընթացիկ տարվանից Կենտրոնական բանկում՝ նաեւ դրամով, արտարժույթի օրվա փոխարժեքի համաձայն): Իհարկե, ոչ բոլոր փոխանցումներն են դոլարային: Օրինակ՝ Ռուսաստանից փոխանցումները կարող են նաեւ ռուբլով լինել, սակայն պայմանականորեն ընդունենք, որ բոլոր փոխանցումները կատարվում են դոլարով:
Ավելի հստակ ներկայացնելու համար դիտարկենք երկու տարվա տվյալները: Ընթացիկ տարվա հունվար-հունիսին Ռուսաստանից տրանսֆերտների գումարը, 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 48,8 տոկոսով: Այսինքն՝ գրեթե 2 անգամ: Նույն ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի հանդեպ ռուսական ռուբլու պաշտոնական փոխարժեքը նվազել է ուղիղ 2,0 անգամ: Այսինքն՝ դոլարից ռուբլի վերահաշվարկելու դեպքում ստացվում է, որ փոխանցումների գումարը գրեթե նույն մակարդակին է մնացել:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ երեւան եկավ աշխատանքային միգրացիայի աշխարհագրության դիվերսիֆիկացման գաղափարը: Նպատակը հասկանալի էր՝ նվազեցնել մեկ երկրից, այսինքն՝ Ռուսաստանից չափից ավելի կախվածության վտանգները: Միաժամանակ արտասահմանում աշխատանքի տեղավորել բնակչության աշխատունակ կոնտինգենտ: Սակայն նախկին անհամամասնությունները պահպանվել են: Առկա է միայն մեկ դրական բան. չնայած փոխանցումների բացարձակ գումարով «մյուս երկրները» շատ են զիջում Ռուսաստանին, նրանց ցուցանիշը տարբերվել է որոշակի կայունությամբ (բացի վերոնշյալ ԱՄԷ-ից), նույնիսկ աճով (տես՝ աղյուսակը):
Երբեմն սեզոնային միգրանտները երկար են մնում այլ երկրներում: Այդ մասին է անուղղակիորեն վկայում նաեւ Ռուսաստանից կատարվող փոխանցումների կառուցվածքը: Այսպես՝ ընթացիկ տարվա հունվար-մարտի տվյալներով Հայաստան կատարվող փոխանցումների գումարի չափով Ռուսաստանի մշտական բնակիչները 1,4 անգամ գերազանցել են ժամանակավոր բնակվողներին: Բնականաբար, մշտական բնակիչներ կարող են ներկայացնել նաեւ Ռուսաստանի քաղաքացիները (հարկ է ենթադրել, որ նրանք այդ երկրում մեր հայրենակիցներն են): Սակայն ամենեւին չեն բացառվում նաեւ Հայաստանի քաղաքացիները, որոնք Ռուսաստանում են բնակվում առնվազն մեկ տարուց ավելի:






























