Երեւանի «Մալաթիա» տոնավաճառում աշխատակիցները նորից կանգնել են խնդրի առջեւ. ամռանն առեւտուր չկա, իրենք էլ ստիպված շարունակում են պարտք վերցնելով տաղավարների դիմաց պահանջվող վարձավճարները վճարել: NEWS.am-ի հետ զրույցում տոնավաճառի աշխատակիցներից տիկին Նարինեն նշեց, որ ամռանն առեւտուր ընդհանրապես չի լինում, որի հետեւանքով շատ առետրականներ արդեն որոշել են՝ փակել իրենց տաղավարներն ու չգնալ աշխատանքի:

«Առեւտուր չկա, ամբողջ օրվա ընթացում մի հատ հասարակ նասկի չենք կարողանում վաճառել: Ժողովրդի ձեռքը փող չկա, որ գա առեւտուր անի: Մենք էլ չգիտենք ինչ անենք՝ ոնց տաղավարների վարձավճարները տանք: Հիմա սեպտեմբերի 1-ի հույսով ենք, տեսնենք մինչեւ ամսվա վերջ գոնե առեւտուր կլինի, թե ոչ»,-ասաց նա:

Տիկին Նարինեի խոսքով,  «Մալաթիա» տոնավաճառում ապրանքն արդեն մի քանի աիս է վաճառվում է իջեցված գնով, սակայն, դա էլ իրավիճակը չի փրկում:

«Անցած տարի էս ժամանակ կար առեւտուր, դպրոցականների պայուսյակ, հագուստ էին գոնե գնում, այս տարի դա էլ չկա: Շատերս սպասում էինք օգոստոսին, որ տեսնենք՝ սեպտեմբերին ընդառաջ մի բան կփոխվի, թե ոչ: Արդեն ամսվա կեսն է, բանց չի փոխվել՝ հաճախորդներ չկան, ապրանքը տեղում մնացել ա: Եթե այսպես շարունակվի՝ շատերը կփակեն իրենց տաղավարները, չկա եկամուտ»,-ասաց նա: