Սեպտեմբերի 1-ին ընդառաջ «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ն այս տարի նախորդների համեմատ ավելի փոքր՝ մոտ 5 տոկոս գնաճ է արձանագրել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը՝ նշելով, որ գրենական պիտույքների դեպքում գնաճ չի նկատվում:

Արմեն Պողոսյանի խոսքով՝ իրենց ուսումնասիրությունների համաձայն՝ մեկ երեխային դպրոց ճանապարհելու համար 50 հազար դրամ է անհրաժեշտ, եթե չհաշվենք հագուստի համար ծախսվող գումարը:

«Եթե ունեն հնարավորություն, 200 հազարի մոտ էլ է հասնում: Իսկ նվազ եկամուտ ունեցողները 50 հազարի մեջ էլ դժվարությամբ են տեղավորվում: Մեր ժողովրդի 37 տոկոսը աղքատության շեմին է, կամ ավելի ցածր: Սնունդի վրա միջին վիճակագրական տվյալներով գնում է ընտանիքի եկամուտի մոտ 60 տոկոսը, ինչը սարսափելի թիվ է: Քաղաքակիրթ երկրներում հենց այդ տոկոսը հասնում է 30-ի, մարդիկ հայտնվում են այն խմբերում, որոնց օգնում են տարբեր ծրագրերով, դա այնտեղ աղքատության ցուցանիշն է»,- նշեց նա:

Արմեն Պողոսյանի խոսքով՝ մանուկների նկատմամբ պատշաճ մոտեցում չկա ոչ ապրանքների, ոչ սննդի հարցում:

«Սեպտեմբերի 1-ը տոն է, այն պետք է երեխայի հիշողություններում մնա ամբողջ տարում: Ի՞նչ ասենք, եթե դիմում է մայրը՝ ասելով, որ  օգոստոսի 1-ին երկու պայուսակ է գնել 7 հազար եւ սեպտեմբերի 1-ին այն պատռվել է: Այսինքն երեխայի տոնը փչացել է»,- ասաց նա՝ նշելով, որ մեր երկրում փաստացի բացակայում է վերահսկողությունը:

Մասնագետի խոսքով՝ իրականում բազմաթիվ մարմիններ կան, որոնք պետք է վերահսկեն ապրանքների որակը, սերտիֆիկացում, բայց երբ առանց մամուլի ներկայություն է կատարվում վերահսկողությունը եւ պարզապես ասվում է, թե տվյալ ընկերությունը տուգանվեց, զավեշտալի է: