Աբսուրդ է, երբ գնված ապրանքը խանութում հետ չեն վերցնում՝ պատճառաբանելով, թե օրենքի փոփոխություն է տեղի ունեցել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
«Մեր օրենսդրության մեջ չկա նման բան: Միանաշանակ հակաօրինակ է նման մոտեցումը, միայն պետք է կտրոն ունենալ: Օրենքում հստակ ասվում է՝ 14 օրում վերադարձվում է, 2 հոդված կա՝ պատշաճ որակի եւ թերություն ունեցող ապրանքի: Թերություն ունեցող ապրանքը նույնպես ենթակա է վերադարձման, կամ վերացնում են թերությունը իրենց հաշվին, կամ նվազեցնում գինը, կամ այլ ապրանք առաջարկում, եթե մնացած պայմանները չեն բավարարում»,- ասաց Արմեն Պողոսյանը:
Արմեն Պողոսյանը նշեց, որ վերադարձման ենթակա չեն դեղորայքը, խնամքի, հիգիենայի պարագաները, էլեկտրոնիկան, որի դեպքում գործում է երաշխիքի տարբերակը:
Եթե գնված ապրանքը հետ չեն ընդունում, մասնագետը խորհուրդ է տալիս դիմել շուկայի վերահսկողության պետական տեսչություն, հասարակական կառույցներին, նաեւ դատարան:
Արմեն Պողոսյանը նշեց, որ իրենք օրական 5 բողոք են ստանում տարբեր ապրանքների անորակ լինելու վերաբերյալ:





























