ԱՄՆ արդարադատության նախարարությունում հայտարարել են, որ ապացույցներ ունեն գերմանական Volkswagen ավտոարտադրողի «դիզելային սկանդալի» գործով հանցագործությունների վերաբերյալ, փոխանցում է The Wall Street Journal-ը:
Նրանց տվյալներով՝ դաշնային դատախազները եւ Volkswagen-ն արդեն նախնական բանակցություններ են վարել եւ հուսով են ընթացիկ տարեվերջին համաձայնության գալ: Դատախազությունը դեռեւս չի որոշել, թե ավտոարտադրողին հատկապես ինչ մեղադրանքներ է ներկայացնելու:
Պորտալը հայտնում է, որ ԱՄՆ արդարադատության նախարարության հետ գործի կարգավորումը Volkswagen-ի համար 1,2 մլրդ դոլարից ավելի կարժենա: Հստակ չէ նաեւ, ընկերության աշխատակիցներին առաջադրվելիք մեղադրանքների հարցը, որոնց մեծ մասն ապրում է Գերմանիայում: Եթե նրանց մեղադրանք առաջադրվի, ապա կբարձրանա նրանց արտահանձնելու հարցը դատաքննություն անցկացնելու համար:





























