Երեւանի կենտրոնում հունիսի 1-ին սպանված տաքսու վարորդ, տաքսի ծառայության տնօրեն 48-ամյա Արսեն Խանամիրյանի եղբայրը բողոքում է, որ նախաքննական մարմինը չի պարզում եղբոր սպանությանը մասնակցած երկրորդ անձին:

«Ականատեսները` խանութների աշխատողներն ինձ պատմել են, որ տեսել են` երկու հոգի իջել են մեքենայից, հարձակվել եղբորս վրա, հարվածել: Իսկ քննիչն ասում է` մի հոգի է եղել, մյուսն էլ թե օգնել է: Տեսանյութ էլ չեն տալիս, որ նայեմ»,- ասաց Արմեն Խանամիրյանը:

Սպանվածի եղբայրը մտավախություն ունի, որ գործը դիտավորյալ ձգձգում են:

«Ասում են` մինչեւ Նոր տարի հազիվ ավարտվի նախաքննությունը: Եթե  էսքան ձգձգում են, ուրեմն մի բան էն չի»,- ասաց նա:

Նշենք, որ Արսեն Խանամիրյանը ֆուտբոլիստ էր, Հայաստանի կանանց հավաքականի մարզիչ է եղել ինչ-որ ժամանակ:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երեւանի կենտրոնում հունիսի 1-ին ծեծելով սպանել են տաքսու վարորդ, 48-ամյա Արսեն Խանամիրյանին։ «Նիվայի» վարորդի ու տաքսու վարորդի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո տաքսու վարորդը դանակահարվել է, տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է գիտակցության չգալով: Ավելի ուշ Երեւանի բնակիչ, 26-ամյա Վահրամ Վերանյանը մեղայականով ներկայացել է ոստիկանություն: Նա պատմել է, որ իջնելով մեքենայից՝ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել տաքսու վարորդ  48-ամյա Արսեն Խանամիրյանին: Վահրամ Վերանյանը կալանավորված է:

Նշենք, որ Արսեն Խանամիրյանի հարազատները պատահածում մեղադրում են նրա կնոջը: Ըստ մահացածի եղբոր՝ կինը՝ Ա. Դ-ն, արտաամուսնական կապի մեջ է եղել սպանության մեջ մեղադրվող 26-ամյա Վահրամ Վերանյանի հետ:

Արսենի եղբայրը NEWS.am-ին պատմել էր, որ սպանությունից առաջ նրա եւ Վահրամի միջեւ ծեծկռտուք է եղել կնոջ պատճառով, Վահրամը հիվանդանոց է տեղափոխվել, Արսենը՝ Ոստիկանություն: Ընտանիքի անդամներն ասում են՝ Արսենը կնոջ հետ շարունակել է ապրել միայն հանուն իրենց 3 երեխաների: Սպանությունից հետո կինը տեղափոխվել է այլ վայր բնակության՝ երեխաներից 2-ին իր հետ տանելով: