«Հանրապետական» կուսակցությանը ԵԺԿ-ից հեռացնելու պահանջով նամակ գրել ԵԺԿ ղեկավարությանը, հեռու է քաղաքական տրամաբանությունից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն՝ արձագանքելով «Ազատություն քաղբանտարկյալներին», «Սասնա ծռեր», «Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունների բաց նամակին, որով Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին՝ կոչ անելով ՀՀԿ-ին հեռացնել ԵԺԿ-ից։
«ԵԺԿ-ի կազմում ՀՀԿ-ի գտնվելը ինքնանպատակ չէ եւ իր գործունեությունը իրականացնում է հանուն պետության եւ մեր քաղաքացիների շահերի։ Այդ նամակը որեւէ հետեւանք չի կարող ունենալ, որովհետեւ «Հանրապետական» կուսակցությունը ԵԺԿ ընտանիքում իր գործունեությունը իրականացնում է ամբողջությամբ ԵԺԿ ծրագրերի եւ գաղափարների ներքո՝ ելնելով մեր քաղաքացիների շահերից։ ՀՀԿ-ն այդ ընտանիքում իր գործունեությունը շարունակելու է դիտորդի կարգավիճակում, քանի դեռ ինքը նպատակահարմար չի գտել իր գործունեությունը այդտեղ դադարեցնել»,-ասել է ՀՀԿ-ական պատգամավորը։
Նշենք, որ վերոնշյալ նամակում նշված է հետեւյալը․ «Մենք մտահոգված ենք խաղաղ ցուցարարների ապօրինի բանտարկությունների կապակցությամբ, որոնց կալանավորել են Հայաստանում 2016 թվականի հուլիսի 29-ին։ Մենք հատկապես մտահոգված ենք հետեւյալ անձանց կալանավորման եւ ծեծի ենթարկելու հանգամանքով՝ Հովսեփ Խուրշուդյան («Ժառանգություն» կուսակցություն, PR մասնագետ), Դավիթ Սանասարյան («Ժառանգություն» կուսակցություն, մամուլի քարտուղար), Արմեն Մարտիրոսյան («Ժառանգություն» կուսակցություն, փոխնախագահ), Անդրիաս Ղուկասյան (նախագահի նախկին թեկնածու, «Ոտքի՛ Հայաստան» շարժման հիմնադիր), Դավիթ Հովհաննիսյան («Ոտքի՛ Հայաստան» շարժման անդամ)»։
Վերը նշված քաղաքացիական նախաձեռնությունները նամակ են գրել նաեւ Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավար Ժոզեֆ Դոլին. «Մենք նամակում կոչ ենք արել օգտագործել բոլոր լծակները ՀՀԿ իշխող քրեական կուսակցությունը Եվրոպայի ժողովրդական կուսակցութունից հեռացնելու համար, եւ պահանջել անմիջապես վերջ դնել բռնություններին։ Մենք սպասում ենք ձեր շուտափույթ գործողություններին։ Ամբողջ աշխարհի հայերը սպասում են ձեր ջանքերին»։





























