Բաքվի «Կավկազ» համալսարանի՝ Թուրքիայի քաղաքացի 50 դասախոսների ազատել են աշխատանքից: Qafqazinfo-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանը ստորագրել է համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Էլմար Հասիմովը:
Նա հայտարարել է, որ թուրք դասախոսների հետ համալսարանի պայմանագրերի ժամկետը լրացել է, դրանք չեն երկարացվի:
«Աշխատանքից ազատվածների թվում պրոֆեսորներ, ամբիոնների վարիչներ, դեկաններ կան: Բոլորը մինչեւ այս ամսվա վերջը կհեռանան Ադրբեջանից եւ կվերադառնան Թուրքիա: Նրանց պաշտոններում արդեն տեղացի կադրեր են նշանակվել»,- հայտարարել է ռեկտորի պաշտոնակատարը:
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին «Կավկազ» համալսարանը փոխանցվել է Բաքվի նավթի բարձրագույն դպրոցի ենթակայությանը: Պաշտոնանկությունների պատճառը գյուլենականների հանդեպ համակրանքի շուրջ կասկածներն են:





























