ՌԴ-ի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները պլաններ են փոխանակել Կասպից ծովում կոլեկտիվ անվտանգության համակարգի ստեղծման վերաբերյալ: Այդ մասին   «Իզվեստիա»-ին հայտնել է ռազմադիվանագիտական շրջանակներից իրազեկ աղբյուրը:   

Այդ ջանքերի վերջնական նպատակը տարածաշրջանում վստահության ամրապնդումն է եւ միջադեպերի կանխումը: Զուգահեռաբար, աղբյուրի խոսքով, քննարկվել է Ադրբեջանին ռուսաստանյան սպառազինության մատակարարման անվանացանկի փոփոխությունը: Փորձագետները ենթադրում են, որ Բաքուն  կարող է հրաժարվել նախկինում պատվիրված ծանր համակարգերից եւ զինամթերք գնել:   

«Իզվեստիա»-ի աղբյուրի խոսքով, Սերգեյ Շոյգուն Բաքու այցի ընթացքում հանրապետության ղեկավարությանն է փոխանցել ռուսական ռազմական գերատեսչության առաջարկների փաթեթը եւ ադրբեջանական կողմից փոխադարձ առաջարկներ է ստացել:   Այժմ կողմերը պետք է համաձայնեցնեն իրենց դիրքորոշումները: 

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ առաջին փուլում հնարավոր է հնգակողմ համաձայնության նախագծի ստեղծում (Ռուսաստան, Ադրբեջան, Իրան, Ղազախստան, Թուրքմենստան) Կասպից ծովում եւ դրանից վեր` օդային տարածքում միջադեպերի կանխարգելման վերաբերյալ: