Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների Մոսկվայում օգոստոսի 10-ի հանդիպման արդյունքները մի բան են ցույց տալիս. երկու երկրի միջեւ տարաձայնությունները հրապարակային են դարձել: Այդ մասին օգոստոսի 17-ին մամուլի ասուլիսին հայտնել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Նրա համոզմամբ, դա փաստ է: «Պուտինը Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի որոշ երկրների հետ ղարաբաղյան հակամարտության գոտում անվտանգության երաշխավոր դառնալ: Դժվար չէ պատկերացնել, որ Պուտինը չէր կարող արտաբերել «համանախագահներ» բառը: ԵԱՀԿ-ի ՄԽ-ի «որոշ երկրներ» ֆրազն այլ իմաստ չունի, քան` Թուրքիան», - ընդգծել է Մեհրաբյանը: Ռուսաստանը, շարունակել է փորձագետը, չի հերքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուի հայտարարություններն այն մասին, թե հայկական կողմը պետք է տարածքներ զիջի: «Հայկական կողմը հրապարակայնորեն «ոչ» է ասել Ռուսաստանին: Երբ երեկ Երեւանում ընթանում էր ՀԱՊԿ-ի անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, Սերժ Սարգսյանը Բրազիլիայում Օլիմպիական խաղերն էր դիտում», - նշել է Մեհրաբյանը` համոզմունք հայտնելով, որ դա էլ շատ բանի մասին է խոսում:





























