Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո հստակեցվեց, որ Հայաստանին տարածքներ զիջելու որեւէ պարտադրանք չի կարող լինել: Այս մասին այսօր` օգոստոսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աժ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
«Շատ բան չի փոխվել վերջին մեկ ամսվա ընթացքում, Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը սպասվող էր եւ որեւէ բեկում չի կարող մտցնել ղարաբաղյան հարցում: Որոշակի շեշտադրումներ կային, որոնք հույս են ներշնչում, որ ռուսական կողմը գիտակցում է, որ այսօր Հայաստանին որեւէ պարտադրանք տարածքների զիջման վերաբերյալ չի կարող լինել: Շատ կարեւոր հանգամանք է, որ Սերժ Սարգսյանը կարծես արդեն փորձում է դիրքերն ամրացնել, երբ նա ասաց, որ ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքը մեզ համար կար եւ մնում է գերակա: Շատ լավ գիտենք, թե Ռուսաստանն Ադրբեջանի հետ կապված ինչ պլաններ ունի, փորձում է Ադրբեջանին սիրաշահել եւ բերել ԵՏՄ: Պետք չէ դավադրություններ փնտրել, մեղադրել, Ռուսաստանը գերտերություն է եւ ունի իր շահերը, սպասարկում է իր շահերը: Սակայն, մի բանում վստահ եմ, որ Հայաստանին երբեւէ չի կարող պարտադրել այնպիսի բաներ, որոնք Հայաստանի դիրքերը կարող են թուլացնել»,-ասաց նա:
Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ Ղարաբաղը պետք է եւս վերադառնա բանակցությունների սեղանին եւ Ադրբեջանը վերջապես պետք է հասկանա, որ հաղթող կողմին չի կարող պարտադրել գնալ միակողմանի փոխզիջումների:
« «Ոչ մի թիզ հող»-ին ես էլ եմ կողմ, եթե կարողանանք մեր տնտեսությունը զարգացնել եւ բերել մի որակի, որ ինչ-որ տեղ Ադրբեջանին հավասար դառնա: Ադրբեջանը հստակ ձեւակերպել է, թե ինչ է պահանջում, սակայն, հայկական կողմի ձեւակերպումներն անհասկանալի են: Մեզ առաջարկվել է, կամ ակնարկվել է` խաղաղություն տարածքների դիմաց: Ժամանակն է, որ մենք հստակ ձեւակերպենք, որ մենք դեմ ենք փոխզիջումների տարբերակին եւ եթե այն կողմը մտածում է, որ շատ քիչ զիջումների դեպքում հայկական կողմից մեծ զիջումներ է ակնկալելու, ապա պետք է մասնավորեցնի ինչ է պահանջում»,-ասաց նա:
Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ ղարաբաղյան հարցի վերաբերյալ բանակցությունները թույլ են տալիս Հայասանին մոբիլիզացնել ուժերը. «Մեզ բանակցությունները թույլ են տալիս մոբիլիզացնել մեր ռեսուրսները, որոնք մեծ են: Սերժ Սարգսյանը պետք է հավաքի բոլոր օլիգարխներին, որոնց ժամանակին հնարավորություն է տրվել հարստանալ հարկերը չվճարելու հաշվին, նրանք պետք է աջակցեն բանակի պաշտպանողականության ամրացման հարցում: Պետք է Հայաստանի դիմադրողականությունն ամրացնել տնտեսության զարգացմամբ եւ սպառազինությամբ»:





























