Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ամբողջ ընթացքում մշտապես փորձեր են ձեռնարկվում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ: Օգոստոսի 18-ին կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների այն տեղեկությանը, թե օգոստոսի 10-ին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո սպասվում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների նոր հանդիպում:
Նրա խոսքով՝ հայկական կողմը, որպես կանոն, երբեք չի խուսափել այդպիսի հանդիպումներից, իհարկե՝ եթե այդ հանդիպումներից կարելի է ինչ-որ արդյունք ակնկալել: «Արդյունք կարող է լինել բանակցային գործընթացում առանջընթացը, ինչն այսօր չկա, ինչպես նաեւ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը (հրադադարի ռեժիմի ամրապնդումը, անվտանգության երաշխիքները)»,- ընդգծել է Շավարշ Քոչարյանը:
Նա հիշեցրել է, որ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում շեշտվել է 1994 թվականի հրադադարի պայմանագրին հավատարմության անհրաժեշտությունը: «Երկրորդ՝ կողմերը պայմանավորվել են մոնիտորիգի խմբի կազմի ընդլայնման մասին, եւ երրորդ՝ շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման մասին»,- հավելել է Քոչարյանը:





























