Վստահության կառավարություն ենք ստեղծելու, որի նպատակն է իշխանություններին հեռացնել եւ մաքրել դաշտը, որպեսզի հասարակությունը հանրաքվե անցկացնի եւ նոր Սահմանադրություն ընդունի: Այս մասին այսօր` օգոստոսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը` անդրադառնալով «Սասնա ծռեր»խմբի քաղաքական խորհրդի առաջիկա գործողություններին:

«Սկզբնական շրջանում լինելու ենք զուգահեռ կառավարություն, ներգրավելու ենք ներհայաստանյան եւ արտահայաստանյան կառուցողական ուժերին: Այնուհետեւ մարտահրավեր ենք ներկայացնելու ներկա իշխանություններին եւ վերջնագիր ներկայացնենք, որից հետո հանրաքվե ենք անցկացնելու եւ նոր Սահմանադրություն ընդունելու»,- ասաց նա:

Ըստ Ենիգոմշյանի` իրենք վերին ատյան չեն լինելու, հարթակն ազատ է լինելու, յուրաքանչյուրը կարող է իր կարծիքն արտահայտել: Նրա խոսքով, այս պահին կարեւոր է, որ ժողովուրդը համախմբվի: Հարցին, թե մտադիր են մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Ալեք Ենիգոմշյանը պատասխանեց. «Մեր նպատակն է, որ մինչեւ այս չակերտավոր ընտրությունները` ռեժիմը հեռացած լինի: Ռազմավարությունն ու մարտավարությունը մենք կներկայացնենք առաջիկայում»: