Ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ցանկացած միջամտություն կարգավորման գործընթացին մինչ օրս միայն վնասել է եւ կվնասի: Կառավարության հերթական նիստից հետո այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Անդրադառնալով Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարի այն հայտարարությանը, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում տարածքները հանձնելու դրական խթաններ կան, փոխարտգործնախարարն ընդգծել է. «Եթե Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը խոսում է տարածքների մասին, թող ավելի լավ է խոսի Կիպրոսի մասին, որը նրանք օկուպացրել են»:
Հիշեցնենք, որ թուրքական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել էր. «Հայաստանի կողմից Ադրբեջանի «օկուպացված» տարածքներն ազատելու դեպքում գործընթացն ավելի դրական բնույթ կստանա: Տվյալ պահին այդ ուղղությամբ լուրջ ազդակներ կան: Եթե դրանք իրականացվեն, ապա կթեթեւանա Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների ամբողջ սպեկտրը»:





























