Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական փոփոխությունների նախագծում պարունակվող կառավարման մոդելը նման է ամերիկյան մոդելին: Այս մասին օգոստոսի 18-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե նման չէ արդյոք այդ մոդելը ուժեղ նախագահական իշխանությամբ ադրբեջանական մոդելին:

Նրա խոսքով՝ ադրբեջանական եւ ամերիկյան մոդելները չի կարելի համեմատել: «Ադրբեջանում բռնապետության Սահմանադրություն է: Ամերիկյան Սահմանադրությամբ ամրագրված է ժողովրդավարություն՝ հիմնված նախագահի ինստիտուտի վրա»,- նշել է Քոչարյանը եւ հավելել, որ Ղարաբաղում քննարկվում է հենց այդ մոդելը:

«Հիմնական գործոնը, ըստ երեւույթին, դարձել է գործող արտաքին սպառնալիքը»,- ասել է Քոչարյանը: